ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Տեղահանություն

Տեղահանություն
13.09.2025 | 11:02

1

Սկիզբը - աղաղակով, նզովքով ու ցասմամբ,

ավարտվում է… սակայն չի ավարտվում այն,

շարունակվում է կրակ-մրմունջներով, մեղքով,

հուսասպանությամբ ու աղաղակով անձայն…

2

Տեղահանության պահին սատանան ներկա է,

և Աստված է ներկա,- նրանք կողք կողքի հետևում են անխոս,

թե ինչպես է մարդը արմատախիլ արվում իր հողեղեն սիրուց

և կորցնում պատկերն իր աստվածատուր:

3

Ոտնահետքեր ես թողնում սառը ունայնության

և ո՛չ հողի վրա, որ նվաճված է արդեն լիաչափ՝

այլոց տենչանքների զորաբանակով:

4

Քեզ տեսնում են, հենվում քո խռովքի վրա,

հաշվում են կորուստներդ հասույթի երկար աղյուսակի մեջ,-

նրանք ճգնում են ավարառել քեզ ու մսխել ոգիդ,-

չե՛ս արտացոլվում նրանց աչքերում, նրանց նվիրական,

ներքին հայելու մեջ դու ջնջվող կետ ես,

և այն ուրվականն ես, որով փորձում են սարսափի մատնել յուրայիններին:

6

ՈՒղիդ չափվում է խոր հառաչանքով,

և անչափելի տառապանքն է քեզ խթանում լինել ողջ ու գոյական,-

անվերջանալի տեղաշարժի մեջ ես, իսկ իրականում -

դու լեզուդ կծած՝ հա՜ պտտվում ես քո ստվերի շուրջ,

որ նշմարվում է անգամ խավարում,

բախտիդ անհատակ իջվածքներում նաեւ:

8

Տեղահանությունը վայրից վայր չէ, այլ՝

թռիչքից՝ անկում, երազից՝ խորշեր իրականության,

սիրուց՝ քամահրանք, կյանքից՝ հուշ-ճամբար ու տեսիլատեղ:-

Դու հաշվառված ես նոր ու ձևական գրանցամատյանում,

քեզ կանչում են փուչ ասուլիսների,

բայց քո անունը չի՛ հնչում Երկրում – այլեւս, գուցե չհնչի երբեք:

10

Մեղք է երկիրը, երբ հեռանում ես,- բռնությամբ թե կամոք,-

միայնակ է մնում, պարապ ու խաբված,

քո սիրո էդ ի՞նչ շողքով կարող ես սփոփել նրան,

ի՞նչ քավութամբ ես շունչ տալու երկրիդ կոտրված սրտին…

11

Կորած ամեն ինչ քո ներսում է հիմա,-

ծանրաբեռն նավակ ես ժամանակի խորշում,

եւ սրտապատառ սպասում ես Դարձի քամիներին…

10-11.08.2025

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3247

Մեկնաբանություններ